Մշակվել է մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտերի ուսումնասիրման ուսումնական ստենդ

Տեղադրվել է` 2018-01-30   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտերի ուսումնասիրման ուսումնական ստենդ, որի շնորհիվ կուսումնասիրվեն նշված դաշտերի գեներացման մեթոդները, ինչպես նաև այն երևույթները, որոնք առկա են այդ դաշտերի հետ փոխազդման ժամանակ: Ուսումնական ստենդի ստեղծման գլխավոր նպատակն է աշակերտների մոտ հետաքրքություն առաջացնել կիրառական գիտությունների նկատմամբ հնարավորինս վաղ հասակից:

Այս ուսումնական ստենդի կազմում առկա լաբորատոր աշխատանքների համալիրը թույլ է տալիս ուսումնասիրել մագնիսական եւ էլեկտրամագնիսական երեւույթների այնպիսի հիմնարար ասպեկտներ, ինչպիսիք են տարբեր միջոցներով մագնիսական դաշտի ստեղծումը, Ամպերի ուժի բացատրությունը, Ֆուկոյի հոսանքների առաջացումը, Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի մասին օրենքը եւ այլն:

Ստենդի առավելություններից է բաց հարթակի առկայությունը, իսկ իրական ժամանակի ռեժիմում գործող ճկուն ծրագրային ապահովումը թույլ է տալիս իրականացնել լաբորատոր աշխատանքի ժամանակ իրականացված փորձարարական արդյունքերի վերահսկում և վերլուծում, որն օգնում է ուսանողին ավելի հեշտ յուրացնել լաբորատոր աշխատանքի նյութը:

Առավելագույնս պարզ և հստակ ներկայացված տեսության հետ մեկտեղ ուսումնական ստենդը հնարավորություն է տալիս կատարել մագնիսականության եւ էլեկտրամագնիսականության վրա հիմնված փորձերի մի լայն շարք: Տվյալ ուսումնական ստենդը չի սահմանափակվում միայն իր մատակարարման ցանկում ներառված փորձերով: Դասախոսը և ուսանողները կարող են իրականացնել բազում այլ փորձեր իրենց հայեցողությամբ:

Ուսումնական ստենդը՝ որպես կրթական ծրագիր, կարող է օգտագործվել դպրոցականների եւ քոլեջների աշակերտների,ինչպես նաեւ տեխնիկական համալսարանների առաջին կուրսի ուսանողների համար՝ դասական ֆիզիկայի շրջանակներում:

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն