Մշակվել է օդերևութաբանական ռադիոզոնդ՝ մթնոլորտային պարամետրերի չափման համար

Տեղադրվել է` 2018-02-26   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են օդերևութաբանական ռադիոզոնդ՝ նախատեսված մթնոլորտային տարբեր պարամետրերի չափման համար: Ռադիոզոնդը մարտկոցով աշխատող հաղորդիչ համակարգ է, որը մթնոլորտ է տեղափոխվում օդապարիկի միջոցով և միաժամանակ փոխանցում է չափված պարամետրերը ֆիքսված ընդունիչներին:

Մշակված ռադիոզոնդը թույլ է տալիս չափել օդի ջերմաստիճանը, շրջակա օդի հարաբերական խոնավությունը, մթնոլորտային ճնշումը և քամու արագությունը տարբեր բարձրությունների վրա: Ստացված տեղեկատվությունը փոխակերպվում է ռադիոտելեմետրիկ ազդանշանի և փոխանցվում է վերերկրյա դիտարկման կայանին:

Ամուր կառուցվածքը, պարզ կիրառումը, մատչելի գինը, թեթև քաշը և երկարատև շահագործման հնարավորությունը՝ ցանկացած բարձրության վրա, ռադիոզոնդի հիմնական առավելություններն են նմանանտիպ այլ սարքերի համեմատ: Ներկառուցված GPS համակարգն ապահովում է աշխարհագրական տվյալների շարունակական հոսք իրական ժամանակում, ինչը թույլ է տալիս հաշվարկել քամու արագությունը և ուղղությունը:

Օդերևութաբանական ռադիոզոնդը սնուցվում է երեք ստանդարտ AA մարտկոցից: Սարքը կարող է աշխատել առնվազն 3 ժամից ոչ պակաս 2,5-ից մինչեւ 5,5 Վ սնուցող լարման առկայության, ինչպես նաև -90-ից + 50˚C-ի շրջակա ջերմաստիճանի դեպքում:

Օդապարիկի պատյանի պատռվելուց հետո ռադիոզոնդն ընկնում է տեղադրման վայրից և հետևող կայանից 200 կմ շառավիղով հեռավորության վրա: Չափվող տվյալները փոխանցվում են ռադիոհաղորդչի միջոցով՝ 400.15-406 ՄՀց հաճախականությամբ: Ռադիոզոնդի ցուցումների արդյունքների հիման վրա օդերևութաբանները կազմում են մի քանի օրվա եղանակի տեսությունը:

Մշակված ռադիոզոնդերը կարող են օգտագործվել օդերևութաբանական կայարաններում` եղանակային տվյալների հավաքագրման ժամանակ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայում, ավիացիոն ծառայությունների հետ համաձայնեցնելուց հետո:

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն