Մշակվել է ԳԲՀ սպեկտրի դյուրակիր անալիզատոր «SA1501P»` ազդանշանների գրանցման և վերարտադրման հնարավորությամբ
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են «SA1501P» շարժական անալիզատոր, որի միջոցով հնարավոր է արագ սկանավորել բարձր հաճախականության սպեկտրը և գտնել անհայտ ազդանշանները: Իրական ժամանակում բարձր հաճախականության սպեկտոգրամմայի վերարտադրման շնորհիվ՝ «SA1501P»-ն հայտնաբերում է անկայուն ազդանշանները, որոնք սպեկտրի սովորական անալիզատորների տեսադաշտից դուրս են մնում: «SA1501P»-ն ունի 10 ՄՀց ից մինչև 6 ԳՀց հաճախությունների գրանցման տիրույթ և մինչև 80 դեցիբել դինամիկ միջակայք առանց պարազիտային բաղադրիչների:
Նմանատիպ սպեկտրի անալիզատորների մեծ մասը հարմարեցված չեն դաշտային պայմաններում օգտագործման համար, քանի որ դյուրակիր չեն, հեշտությամբ կարող են վնասվել կամ փոփոխական հոսանքի սնուցման աղբյուր են պահանջում: Վերոթվարկած բոլոր խնդիրների լուծումը տալիս է «SA1501P» անալիզատորը, որի առավելությունը մյուս՝ սովորական անալիզատոների համեմատ, ամուր և անջրանցիկ կորպուսն է և ներքին մարտկոցի առկայությունը:
«SA1501P» անալիզատորի հիմնական առավելություններն են՝ դուրակրությունը և տեղափոխման հարմարավետությունը, գունավոր և մեծ սենսորային էկրանով հարմար ինտերֆեյսը, IP67 աստիճանի պաշտպանվածությամբ կորպուսը, ցածր ամպլիտուդով ազդանշաննրի հայտնաբերման համար թվային ուժեղացումը, լոկալ և հեռակառավարման ռեժիմներով կառավարման հնարավորությունը:
«SA1501P» անալիզատորը կարելի է կիրառել ինչպես լաբորատոր պայմաններում, այնպես էլ՝ դաշտային, ինչի համար անհրաժեշտ է, որ համակարգը լինի ավտոնոմ, կարծր և անջրանցիկ: «SA1501P»-ի շնորհիվ սպասարկման կենտրոնների աշխատակիցները և շինարարական բրիգադները կարող են տեղում անցկացնել բարձր հաճախության ազդանշանների անալիզ՝ գործարկման և վերանորոգման աշխատանքների իրականացման համար:
Մեկնաբանություններ (0)