Մշակվել է ռադիոէլեկտրոնային տարրերի թեստավորման ունիվերսալ ավտոմատացված համակարգ
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները ստեղծել են տարբեր տեսակի և նշանակության ռադիոէլեկտրոնային տարրերի ունիվերսալ թեստավորման համակարգ:

Լուսադիոդների թեստավորման ընթացքը
Համակարգը նախատեսված է լայն տարածում գտած ակտիվ և պասիվ ռադիոէլեկտրոնային տարրերի (տրանզիստորներ, ստաբիլիտրոններ, տիրիստորներ, դիոդներ, լուսադիոդներ, ռելեները (ինքնանջատիչ), կոնդենսատրոներ, ռեզիստորներ և այլն) պարամետրերի չափման, չափումների արդյունքների ավտոմատ մշակման համար: Արդյունքում լուծվում է անսարք կամ շեղված պարամետրերով ռադիոէլեկտրոնային տարրերի ժամանակին հայտնաբերման խնդիրը՝ նախքան դրանց կիրառումը:
Հայտնի է, որ էլեկտրոնային սարքավորումների արտադրության որակը հիմնականում ապահովվում է ճշգրիտ թեստավորում անցած ռադիոէլեկտրոնային տարրերի կիրառմամբ, ինչի հետևանքով տեղի է ունենում հավաքման-մոնտաժման, սպասարկման և երաշխիքային շահագործման ծախսերի էական նվազում:
Երևանի ինժեներների կողմից ստեղծված համակարգն ունիվերսալ է և հնարավորություն ունի նոր թեստային մոդուլների ավելացման միջոցով ընդլայնելու թեստավորվող ռադիոէլեկտրոնային տարրերի անվանակարգը:
Թեստավորման այս նոր, ունիվերսալ համակարգը լայնորեն կիրառվում է չափիչ սարքավորումներում, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերում:
Մեկնաբանություններ (0)