Մշակվել է արբանյակային հաղորդիչով տվյալների հավաքագրման նոր համակարգ
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների կողմից մշակվել է արբանյակային հաղորդիչով տվյալների հավաքագրման նոր համակարգ: Այն իրենից ներկայացնում է ցածր հզորության ծախսով կառավարման համակարգ (50 մԱժ), որն ընդունելով տարատեսակ տվիչներից չափվող արժեքները, SDR հաղորդչի միջոցով դրանք փոխանցում է տվյալների հավաքագրման կենտրոն՝ հետագա վերլուծության համար: Այսպիսով, տվյալների գրանցման համակարգն օգտագործվում է բազմաթիվ անալոգային և թվային տվիչներից ընդունվող արժեքների գերարագ մշակման և հաղորդման համար։
Տվյալների գրանցման համակարգի կայուն աշխատանքն ապահովվում է RTC տակտային գեներատորի չափաբերման ռեգիստրի, FPGA ծրագրային ապահովման, ինչպես նաև՝ RTC չափաբերման համար առաջադրվող բանաձևի միջոցով (ժամանակի սինքրոնացումն իրականացվում է GPS ազդանշանի միջոցով):
Համակարգի առավելություններն են. արագագործությունը; ազդանշանի հաճախության, հզորության և հաղորդման ժամանակի պարամետրերի կարգավորման ճկուն ինտերֆեյսը; ցածր հզորության ծախսը։
Այսպիսի տվյալների գրանցման համակարգերը կարելի է կիրառել այնպիսի ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է իրականացնել տվյալների գրանցում և պահպանում իրական ժամանակում, ապա՝ անլար կապով հաղորդում դեպի հավաքագրման կենտրոններ: Օրինակ՝ համակարգի կիրառումը գյուղատնտեսության ոլորտում հնարավորություն է տալիս կատարել վերլուծություններ դաշտի կլիմայական վիճակի վերաբերյալ, չափումների միջոցով որոշել հողի խոնավությունն ու ջերմաստիճանը, քամու արագությունն ու ուղղությունը, ինչպես նաև՝ իրականացնել ժամանակի որոշակի միջակայքերում չափվող տվյալների մշակում, կոդավորում, մոդուլում և հաղորդում դեպի արբանյակներ:
Մեկնաբանություններ (0)